
Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը պատրաստվում է քննարկել և քվեարկության դնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցվող փոփոխությունը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշում կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Ճնշումը ներառում է «Ազատության աջակցության ակտի» (FREEDOM Support Act) 907-րդ հոդվածի պահանջների լիարժեք կատարումը՝ հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար:
Ինչպես հայտնում է ANCA-ն, փոփոխության հեղինակը կոնգրեսական Բրեդ Շերմանն է: Փոփոխության տեքստում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին. Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր համապատասխան դիվանագիտական, տնտեսական և իրավական գործիքները, ներառյալ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը, ինչպես նաև Մագնիտսկու գլոբալ ակտի շրջանակներում պատժամիջոցների ներդրման հնարավորության դիտարկումը, որպեսզի հասնի Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուրն են։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։