


Արմինֆո.Հունիսի 15-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ՄԹ ԱԳՆ ստվերային նախարար Փրիթի Փաթելի հետ:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանը տիկին Փաթելին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի Հանրապետության շարունակական ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, տնտեսական համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության ու բարօրության ամրապնդմանը: Այս համատեքստում դեսպան Ներսեսյանն ընդգծել է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունը, որոնք առանցքային են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հաջող առաջմղման համար:
Դեսպան Ներսեսյանն ընդգծել է նաև Հայաստան-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, տարածաշրջանային անվտանգության, առևտրի, կրթության և միջանձնային շփումների բնագավառներում: Հղում անելով Հայաստան-ՄԹ ռազմավարական գործընկերությանը, որը հաստատվել է այս տարի Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված որոշման արդյունքում, դեսպանը նշել է, որ այս նոր ձևաչափը ամուր հիմք է հանդիսանում մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և համատեղ առաջնահերթությունների առաջմղման համար:



