


Արմինֆո. Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Թոմ Բերենդսենը նախարար Միրզոյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման և հաղթանակի կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ արդյունքներն արտացոլում են ՀՀ քաղաքացիների ընտրությունն, այդ թվում նաև՝ արտաքին համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ կարևորելով ընթացիկ և նոր ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Ընդգծվել է գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում փոխգործակցության խթանման դինամիկան։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը։
Լյուքսեմբուրգում Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերի հետ հանդիպմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Շնորհավորել է գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն պատասխանատու առաքելության մեջ:
Իր հերթին՝ Սլովենիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:
Նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ։



