


Արմինֆո.Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հունական խորհրդարանի պատգամավոր, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ քննարկել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը:
Ինչպես հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և ապագայի համար նախատեսված ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններին, որոնց համատեքստում Թեոդորոս Ռուսոպուլոսը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մկրտչյանը ներկայացրել է նաև եվրոպական շուկայում հայկական արտադրանքի տարածման ծրագիրը:
Կողմերը քննարկել են հարևան երկրների հետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նաև TRIPP («Միջազգային խաղաղության և բարեկեցության հաղորդակցության ուղի») ծրագրի իրականացման գործընթացը։



