
Արմինֆո.Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման ֆոնին, իսկ ես հիշեցնեմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի խոսքերով «ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանից», թեև նրանք սկսել են սառեցնել այդ դուրս եկած կառույցը... Սա բարդ տրամաբանություն է, այս փուլում նրանք ասում են, թե սառեցրել են իրենց անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորախաղերը ոչինչ չեն առաջացնում, բացի ափսոսանքից։ Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի տարածքում այս մարզումային ծրագրերի իրականացումը համակարգային բնույթ է ստանում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ այդ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։ Դիվանագետը հավելել է, որ ինչպիսի խաղաղապահ խնդիրներ էլ հռչակեն այս զորավարժությունները, նատօյականների հիմնական նպատակն ակնհայտ է։ Նրա խոսքով՝ ամենազարմանալին այն է, որ նատօյականներն իրենք էլ դա չեն թաքցնում։
«Այն կայանում է հանրապետությանը իր ավանդական դաշնակցից՝ ի դեմս Ռուսաստանի, պոկելու շարունակության մեջ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նմանօրինակ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ. այս արտահայտությունը ՆԱՏՕ-ի դոկտրինալ փաստաթղթերից է։ Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Ժամանակին նման բան նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, այդ թվում նաև այն պատճառով, որ մեր երկրում ապրում է այդքան մեծ թվով էթնիկ հայ»,- հավելել է ռուս դիվանագետը։
Նա հավելել է, որ եթե նախկինում դա անհնար էր պատկերացնել, ապա այժմ դա տեղավորվում է հայկական բարձրագույն ղեկավարության այն հայտարարությունների հունի մեջ, թե Հայաստանը Մոսկվայի դաշնակիցը չէ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով՝ Արևմուտքում որսում են այս ազդակները, հետևություններ անում և սկսում են Երևանին ներքաշել ՌԴ-ի հետ դիմակայության մեջ։
«Բացի այդ, զորավարժությունները թույլ են տալիս արևմտականներին արմատավորել ռազմական շինարարության և կառավարման սեփական ստանդարտները, և դրա միջոցով լրացուցիչ լծակներ ստանալ Հայաստանի ու նրա քաղաքականության վրա ազդելու համար։ Իհարկե, միամտություն է հույս դնել արևմտյան ինչ-որ անվտանգության հովանոցի վրա. դա պատրանքից զատ ոչինչ չէ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Արևմուտքն առաջինը հենց իր դաշնակիցներին է լքում, եթե հանկարծ մի բան պատահի։
Այնուհետև նա լիովին իրատեսական է անվանել տեղի ունեցողի ֆոնին ռազմական ոլորտում Երևանի կողմից Մոսկվայի դեմքով դաշնակցին կորցնելը։ Ռուս դիվանագետը նաև մատնանշել է նման զորավարժությունների կազմակերպման ժամանակ տարածաշրջանի մյուս երկրների դիրքորոշումը հաշվի առնելու կարևորությունը։ «Սակայն, Արևմուտքին հաճոյանալու մոլուցքով տարված, Երևանում որոշեցին այս հարցերին նշանակություն չտալ, ինչպես և այն փաստին, որ Հարավային Կովկասի կայունացման համար այս զորավարժությունները հաստատ ոչ մի օգուտ չեն բերի, բայց այնտեղ կստեղծեն նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և սպառնալիքներ»,- ամփոփել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 17-25-ը հանրապետությունում կանցկացվեն «Eagle Partner 2026» («Արծիվ-գործընկեր-2026») ռազմական զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի զինծառայողները:
Զորավարժությունների հիմնական նպատակներն են՝ խաղաղապահ գործողությունների շրջանակներում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների փոխգործելիության մակարդակի բարձրացումը, կառավարման և մարտավարական կապի ոլորտում առաջավոր փորձի փոխանակումը, Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումների մարտունակության ամրապնդումը: