


Արմինֆո. Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթի քննության ընթացքում պարզվել է, որ Շիրակի մարզի մի շարք բնակիչների «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց քվեարկելու ցանկություն ունեցող անձանց հավաքագրելու համար տրվել են տարբեր չափերի ընտրակաշառքներ։
Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Հայաստան» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուները, նշված դաշինքի կողմնակիցների և այլ անձանց հետ համատեղ, Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով տարբեր չափերի ընտրակաշառքներ են տվել Շիրակի մարզի մի շարք բնակիչների։ Նրանք նաև հավաքագրել են ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու ցանկություն ունեցող անձանց։ «Դեպքի առնչությամբ ձերբակալվել են մի շարք անձինք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ և այլ դատավարական գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։



