


Արմինֆո. Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտում։
«Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է: Ղուկասյանի կյանքն ու աշխատանքային ողջ գործնեությունը կապված է Արցախյան շարժման, Արցախում պետական ինստիտուտների գործունեության և Արցախի ճանաչման գործընթացին: Ազատությո՛ւն Արկադի Ղուկասյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին», - գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957թ.հունիսի 22-ին Ստեփանակերտում: ԼՂՀ երկրորդ նախագահ (1997 - 2007), Արցախի հերոս (2008) Արկադի Ղուկկասյանը 2023 թվականի սեպտեմբերի վերջից Ադրբեջանում պատանդ է պահվում:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



