
Արմինֆո. Ընդդիմությունն իր հետագա քայլերը կներկայացնի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է բողոքի փողոցային գործողություններ սկսել, թե՝ ոչ։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ընդդիմությունը կարող է պայքարի նման ուղի ընտրել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Սակայն, ըստ նրա, տվյալ պահին իրենք դեռ սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ "Մենք սպասում ենք դատարանի պատասխանին։ Դրանից հետո մենք կպլանավորենք մեր հաջորդ քայլերը: Թեև փոքր, բայց մենք հույս ունենք, որ դատարանը կարող է ընդունել մեր պայմաններից մեկը՝ չեղյալ համարել ընտրությունների արդյունքները կամ նշանակել քվեարկության երկրորդ փուլ։ Մինչ այդ իմաստ չենք տեսնում ինչ-որ քայլեր ձեռնարկել", - պարզաբանել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը, միաժամանակ, հաստատել է, որ հանդիպել է այլ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ։ Սակայն նա չի մանրամասնել, թե ում մասին է խոսքը։ "Ես մտադիր չեմ այդ մասին խոսել։ Մենք ունենք գաղտնի ծրագիր, բայց ես հո չեմ խոսելու դրա մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու ծրագիր", - նշել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդը։
Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու ընդդիմության առաջնորդը՝ ինքը թե ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը նշել է, որ իրենցից յուրաքանչյուրը լինելու է իր ընդդիմադիր դաշինքի առաջնորդը: Նրա խոսքով՝ իրենք այդ իմաստով կիսելու ոչինչ չունեն։ Քաղաքական գործիչը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր քաղաքական ուժը մտադիր է մտնել խորհրդարան, թե՝ ոչ: "Այս պահին վերջնական որոշում չկա։ Կա միայն հետագա քայլերի ըմբռնում։ Մենք կգնահատենք բոլորը և կընտրենք այն ճանապարհը, որը մեզ հնարավորություն կտա զրկել Փաշինյանին իշխանությունից։ Բայց, միևնույն ժամանակ, մենք մտադիր չենք առաջնորդվել ինչ-որ մեկի նարատիվներով կամ խորհուրդներով։ Մենք ի վիճակի ենք իրագործել մեր որոշումները։ Ամեն ինչ կքննարկվի մեր ընտրողների, թիմի հետ, որից հետո ճիշտ որոշում կկայացվի", - նշել է Կարապետյանը։
Տվյալ պահին, ինչպես նշել է քաղաքական գործիչը, իրավիճակն այնպիսին է, որ իրենց ընտրողների մեծ մասը կողմ է ընդդիմության կողմից մանդատները վերցնելուն: "Տաշիր Արենայում կայացած հանդիպումից հետո մեզ համար պարզ դարձավ, որ մեր ընտրողների մոտ 40 տոկոսը դեռևս էմոցիաների ազդեցության տակ է. նրանք դեմ են արտահայտվել մանդատները վերցնելուն։ 60%-ը հակառակ դիրքորոշում է հայտնել։ Ի սկզբանե պատկերն այլ էր։ Հիմա մեծամասնությունը կողմ է, որ մենք մանդատները վերցնենք։ Բայց պարտադիր չէ, որ որոշում կայացնենք, ելնելով այն բանից, թե քանի մարդ է կողմ արտահայտվել մանդատները վերցնելուն ։ Մենք ի վիճակի ենք ճիշտ որոշում կայացնել։ Իհարկե, բոլորն իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումը, բայց ոչ ոք չի կարող խոսել մեր փոխարեն", - եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմումներ էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Հունիսի 21-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց բոլոր գործերը միավորել մեկ վարույթում։ Սահմանադրական դատարանի առաջին նիստը մեկնարկել է հունիսի 26-ին ։ Դատարանի վճռի կայացման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է: