
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ Քրիստինա Պակին և Նարինե Ավետիսյանին։
Բարձրագույն դատական խորհրդի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացման, ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ցուցաբերվող երկարամյա և հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն արդարադատության ոլորտում Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է։
Կողմերն անդրադարձել են նախորդ տարի սինգապուրյան աշխատանքային այցի շրջանակում իրականացված փորձի ուսումնասիրությանը, որը հիմք է ստեղծում Հայաստանում հաշտարարության և արբիտրաժի ինստիտուտների համար իրականացվող բարեփոխումների հետագա կատարելագործման։
ԲԴԽ նախագահը վստահություն է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ այս ուղղությամբ շարունակական համագործակցությունը էական ներդրում կունենա դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման, վեճերի առավել արագ և արդյունավետ լուծման, ինչպես նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման գործում։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում կայանալիք COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառման հնարավորությունը և ուրվագծվել է դրանից բխող քայլերի հաջորդականությունը։
Այս համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում բնապահպանական արդարադատության զարգացման միտումներին՝ նպատակ ունենալով ամրապնդել դատական համակարգի կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության և կայուն զարգացման ոլորտներում, ինչպես նաև՝ ձևավորել համագործակցության նոր հեռանկարներ։
Հիշեցնենք, որ Հայաստանը ԱԶԲ-ին միացել է 2005 թվականին և ընդգրկված է խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում: ԱԶԲ-ն զբաղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով ՝ տնտեսական աճի խթանման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման գործում: Բանկի կայքում հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի վերջին ԱԶԲ-ը Հայաստանում իրականացրել է 1.32 մլրդ դոլար ընդհանուր գումարի 52 նախագիծ, որից 635 մլն դոլար ուղղվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, 172 մլն դոլար՝ քաղաքային ենթակառուցվածքին և ջրամատակարարմանը, 152 մլն դոլար՝ ֆինանսների, 142 մլն դոլար՝ էներգետիկայի, 140 մլն դոլար՝ վարչական կառավարման ոլորտներին: