
Արմինֆո. Ադրբեջանական գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դատական գործընթացն ուղղված է ոչ միայն Բաքվում պահվող 15 անձանց, այլ հայ ժողովրդի անցյալի ու ներկայի դեմ:
Բաքվի բանտից հղած ուղերձում Մանուկյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի Վերաքննիչ դատարանն այժմ քննում է իրենց բողոքը Բաքվի առաջին ատյանի խամաճիկային դատարանի կողմից 19 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կայացված դատավճռի դեմ:
«Դատական գործընթացը միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր կեղծ մեղադրանքների մասով մենք շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։ Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել Ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակիցդ դարջձնելով ոչ միյն ձեզ, այլ նաեւ մեղսակից եք դարձնում նաև հայ ժողովրդին։ Դրանից բացի ակնկալում եմ իմանալ մեր՝ այստեղ գտնվողների, կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։