


Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Կարաքեհյանի նախագահությամբ, բավարարել է "Եղնիկներ" զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի:
Հուլիսի 20-ին տեղի ունեցած նիստի ընթացքում դատավորը Բաղդասարյանին պարտավորեցրել է Facebook-ի իր էջերում հրապարակել Ջալավյանի հասցեին արված իր հայտարարությունների հերքում՝ հետևյալ բովանդակությամբ: «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»:
Բացի այդ, դատարանը վճռել է, որ Բաղդասարյանը Ջալավյանին պետք է վճարի 100 000 դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Նշենք, որ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը (գտնվում է ադրբեջանական գերության մեջ - խմբ.) 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Կարեն Ջալավյանին շնորհել է Արցախի հերոսի պետական բարձրագույն կոչում:



