
Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ: Կառավարության որոշման համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Նախագիծը սահմանում է հակակարկտային աշխատանքների իրականացման, տեղումների խթանման, մշուշի ցրման, ցածր ամպամածության և օդերևութաբանական այլ երևույթների վերացման նպատակները, մեթոդներն ու անվտանգության պահանջները: Մթնոլորտային երևույթների պահպանությանն ուղղված ակտիվ միջոցառումները նախատեսվում է իրականացնել բնակչությանը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները և շրջակա միջավայրը վտանգավոր օդերևութաբանական երևույթներից պաշտպանելու նպատակով: Տեղումների խթանման միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել դիտարկվող և կանխատեսվող չոր եղանակի պայմաններում: Մառախուղի ցրումը և ցածր ամպամածության վերացումը նախատեսվում է իրականացնել օդանավակայանների, ավտոմայրուղիների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով: Ակտիվ միջոցառումներ կարող են իրականացվել հրթիռային և ավիացիոն մեթոդներով, հակակարկտային կայանքներով, քիմիական ռեակտիվներով, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ տեխնոլոգիաներով:
Նախագծով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական դիտարկումների, ռադիոլոկացիոն և արբանյակային տվյալների վերլուծության և կանխատեսումների հիման վրա: Աշխատանքներն իրականացնելուց առաջ մասնագիտական կառույցը պետք է գնահատի դրանց նպատակահարմարությունը, հնարավոր ռիսկերը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև բնակչության, շրջակա միջավայրի և հարակից տարածքների վրա հնարավոր ազդեցությունը: Յուրաքանչյուր ազդեցության դեպքում անհրաժեշտ է արձանագրել դրա ամսաթիվը, ժամանակահատվածը, աշխարհագրական կոորդինատները, օգտագործված մեթոդներն ու սարքավորումները, օգտագործվող նյութերի տեսակը և քանակը, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքները: Գազանման կամ պայթյունավտանգ նյութերով աշխատող կայանքները պետք է սարքավորված լինեն գազի արտահոսքի հայտնաբերման և վերահսկման ավտոմատ համակարգերով: Տեխնիկական անսարքության, գազի արտահոսքի կամ հրդեհի վտանգի առաջացման դեպքում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն:
Նախագծի հիմնավորման համաձայն, ներկայումս ոլորտում բացակայում է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համապարփակ կարգավորումը: Որոշման ընդունումը չի պահանջի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ և չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ: Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը: