


ԱրմԻնֆո. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնարին էր, քանի որ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում։
«Եղավ մի պատմություն Հայաստանի հետ, որը կարծես թե ասում էր. «Եկեք գործի դնենք ՀԱՊԿ-ի մեխանիզմը»։ Բայց ըստ էության՝ ում և ինչի նկատմամբ։ Այն տարածքի, Լեռնային Ղարաբաղի, որը հենց Հայաստանն ինքը, ցավոք, թե՞ բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա Երևանինն է, - չէր ճանաչում ո՛չ որպես իրենը, ո՛չ որպես անկախ», - ասել է նա, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Դիվանագետն ընդգծել է, որ նման հանգամանքներում կոլեկտիվ անվտանգության մեխանիզմը գործի դնել հնարավոր չէր։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ Կազմակերպությունը չի կատարել ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները, ինչը չէր կարող առանց հետևանքների մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական համաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը վտանգներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



