


Արմինֆո. Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կվերանշանակվեն: Այդ մասին հուլիսի 29-ին լրագրողներին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ԶԼՄ ներկայացուցիչների դիտարկմանն այն մասին, որ վերջին ամիսներին բանակում արդեն 8-րդ մահն է գրանցվել ոչ մարտական պայմաններում, կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցի լուծումը տեսնում է հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակի փոփոխության մեջ: Այդ առնչությամբ նա հայտարարել է, որ բանակում տեղի ունեցող նման դեպքերի 70%-ն անմիջականորեն բանակի հետ չի կապված։ Ընդ որում, Փաշինյանը չի բացառել նաև սպայական կազմի պատասխանատվությունը, նկատելով, որ յուրաքանչյուր դեպք անհրաաժեշտ է առանձին դիտարկել:
"Նախարարները փոխվում են, նույնիսկ, կառավարություններն են փոխվում, բայց խնդիրը ոչ մի տեղ չի անհետանում։ Դա նշանակում է, որ այն շատ ավելի խորն է, քան մենք կարող էինք պատկերացնել", - ասել է վարչապետը։
Միեւնույն ժամանակ, նա հաղորդել է, որ վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ Մակունցը (ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան):
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2026 թվականի 7 ամիսների ընթացքում Հայաստանի ԶՈՒ-ում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք: Կազմակերպությունում արձանագրել են, որ նշված 30 դեպքերից 11-ը պաշտոնապես դասակարգվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված:
2026 թվականին զինծառայողների մահվան բոլոր դեպքերը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Ավելին, վերջին 2 տարվա և 5 ամսվա ընթացքում Զինված ուժերում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում․ վերջին դեպքը եղել է 2024 թվականի փետրվարին, երբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել էր «Երկրապահ» կամավորական միության 4 անդամ:



