


Արմինֆո. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Գարիկ Մուրադյանի և Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է սահմանային անվտանգությունը և Հայաստանի ու Վրաստանի սահմանապահ մարմինների միջև համագործակցությունը:
Հուլիսի 27-ից 30-ը հայկական պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում էր՝ Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով: ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը: Վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ոլորտները:
Պատվիրակությունը նաև հանդիպել է Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մայսուրաձեի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերում հերթերի հետ կապված հարցերը։
Պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի ՆԳՆ Հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, որտեղ նրանց ներկայացվեց ակադեմիայի կառուցվածքը, կրթական գործընթացը, ժամանակակից կրթական ենթակառուցվածքները և վերապատրաստման հնարավորությունները, որտեղ նաև պատրաստվում են սահմանապահներ։ Նրանք նաև այցելեցին Վրաստանի ՆԳՆ «112» Հանրային անվտանգության կառավարման կենտրոն։
Այցի ավարտին Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Թամազաշվիլիին հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։



