


ԱրմԻնֆո. Կիրակի օրը, մոտավորապես ժամը 1:00-ին, վեց իսրայելցի հրեա տղամարդիկ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի մուտքի վրա։ Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է լրագրող, հասարակական գործիչ և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ինչպես նաև «Փրկեք ԱրՔ» շարժման ակտիվիստ Գեղամ Բալյանը։
Նրա խոսքով՝ հարձակվողների խումբը հերթով թքել է վանքի մուտքի ուղղությամբ։ Նկատելով, որ մոտակայքում գտնվող հայ կանանցից մեկը իր պատուհանից նկարահանում է միջադեպը, նրանք սկսել են քարեր նետել նրա պատուհանի վրա՝ հայհոյանքներ բղավելով։
Իսրայելի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել կասկածյալներին։ Հայկական պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել։ Ոստիկանության տվյալներով՝ երեք կասկածյալների նկատմամբ դատարանի որոշումներ են կայացվել, որոնք արգելում են նրանց մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաք 15 օրով։
«Հետաքննությունը շարունակվում է։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն, երբ դրանք հասանելի դառնան», - գրել է Բալյանը։



