


Արմինֆո. "Գութան" փառատոնը կրկին կմիավորի հայկական երգի-պարի լավագույն խմբերին և այս տարի նվիրված կլինի ՀՀ վաստակավոր արտիստ, պարարվեստի ականավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին:
Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ին, "Մրրո" ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, Գաֆէսճեան քանդակների պուրակում (Կասկադ):
Իր գոյության տարիներին "Գութան" փառատոնը դարձել է ազգային երգի ու պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված մշակութային կարևորագույն նախաձեռնություններից մեկը: Այն մեկ հարթակում համախմբում է Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու կատարողներին ՝ ներկայացնելով պատմական Հայաստանի բոլոր անկյունների երգ ու պարի ժառանգությունը՝ Կիլիկիայից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Լոռի, ինչպես նաև երկրի տարբեր մարզերի և պատմական շրջանների հարուստ մշակույթը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը, այս տարի միջոցառմանը կմասնակցեն 26 համույթներ, իսկ բեմ դուրս կգան ավելի քան 500 արտիստներ:
Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական պահերից մեկը կլինի բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես կգան համատեղ համարով:
Ըստ աղբյուրի ՝ գոյության տարիներին "Գութան" փառատոնն անցկացվել է նաև Արցախում և Տավուշում ՝ նպաստելով հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը:



