
Արմինֆո.Ադրբեջանը կատարում է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության կապերի բացման իր պարտավորությունները։ Ըստ APA-ի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱդրբեջանիԱԳ նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը փաստաթղթում ներառվել է վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ: Ջեյհուն Բայրամովը հաղորդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում շարունակվում են աշխատանքները տրանսպորտային հաղորդակցության գծերի բացման ուղղությամբ: "Մենք ակնկալում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը զգալի չափով կատարել է աշխատանքի իր մասը", - ասել է Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ որոշակի աշխատանքներ պետք է իրականացվեն նաեւ Հայաստանի տարածքում: Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: "Այդ նախագծերի իրականացումը ոչ միայն կապ կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, այլև տնտեսական նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար: Դա ձեռնտու կլինի ինչպես Ադրբեջանին ու Հայաստանին, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանին", - հայտարարել Է ադրբեջանցի նախարարը։ Նա հավելել է, որ այդ բոլոր գործընթացները բավական նշանակալի արդյունքներ են խոստանում տարածաշրջանի համար ։ "Արդեն իրականացվում են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումներ։ Կարծում ենք, որ հաջորդ փուլում առևտուրը կարող է ընդլայնվել", - նշել է Ջեյհուն Բայրամովը։
"Շվեյցարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ես ընդգծել եմ անցյալ տարի կայացած վաշինգտոնյան գագաթաժողովի նշանակությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Այնտեղ ընդունված փաստաթղթերի թվում, անշուշտ, կարելի է նշել առաջնորդների ստորագրած համատեղ հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը ԵԱՀԿ անդամ պետություններին ՝ կոչ անելով վերացնել Մինսկի խմբի ինստիտուտները, որոնք կապված են նախկին հակամարտության հետ։ Անցյալ տարվա դեկտեմբերին այդ գործընթացն ամբողջությամբ ավարտվեց ԵԱՀԿ շրջանակներում։ Այդ ինստիտուտները լուծարվեցին, և, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՀԿ տարածքում վերջ դրվեց մի հակամարտության։ Կարծում ենք, որ դա անցած տարվա ամենանշանակալի իրադարձությունն էր ԵԱՀԿ համատեքստում", - ընդգծել է Ջեյհուն Բայրամովը ։