
Արմինֆո. Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ։ Այդ մասին գրել է միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա նշել է, որ, որպես միջազգային իրավաբան, ով ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, ինչպես նաև մասնավոր ընկերությունների սեփականատերերին, բազմիցս տեսել է, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում "Հայաստանի էլեկտրական ցանցերի" (ՀԷՑ), Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու կոմբինատի, Արարատցեմենտի և Multi Wellness-ի շուրջ, ինձ ծանոթ է մինչև ամենափոքր մանրուքը ։ Դա դասական "սողացող էքսպրոպրիացիա" է (Creeping Expropriation)», - ընդգծել է Ամստերդամը։
Երբ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով կասկածի տակ է դնում ռազմավարական և մասնավոր ընկերությունների գործունեությունը, քրեական և հարկային վարույթները վերածում է ճնշման գործիքի, իսկ դատարանների միջոցով մասնավոր ակտիվների կառավարումը հանձնում պետական մարմիններին (անգամ միջազգային արբիտրաժի արգելող որոշումների ֆոնին), ըստ իրավապաշտպանի, դա սեփականության իրավունքի ուղղակի խախտում է:
Եթե այդ գործընթացները չկանգնեցվեն, ապա, նրա կարծիքով, դա հղի է միլիարդների վնասներով ՝ հարկատուների հաշվին։ «Միջազգային արբիտրաժային դատարանները (ICSID, UNCITRAL) չեն հանդուրժում քաղաքական դրդապատճառներով սեփականազրկումը: Պետությունները, որոնք գնում են այդ ճանապարհով, ի վերջո պարտվում են եւ ստիպված են բյուջեից, այսինքն, իրենց քաղաքացիների գրպանից հսկայական փոխհատուցում վճարել", - նշել է Ամստերդամը։
Բացի այդ, նրա խոսքով, ոչ մի լուրջ միջազգային ներդրող անգամ մեկ դոլար չի ներդնի մի երկրում, որտեղ խաղի կանոնները փոխվում են քաղաքական նկատառումներով, իսկ մասնավոր սեփականությունը կարող է առգրավվել ցանկացած պահի:
«ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները, պարզապես, ակտիվներ չեն, դրանք երկրի տնտեսական ողնաշարն են։ Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ոչ թե առանձին գործարարներին, այլ՝ Հայաստանի ապագային և անվտանգությանը», - հայտարարել է նա։