


Արմինֆո. Երևանում կայացել է պատմական Անիի կամրջի վերականգնման հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել կամրջի համատեղ վերականգնման մասին ստորագրված արձանագրության դրույթների շուտափույթ իրագործմանն ուղղված ջանքերը:
Վերջինս ստորագրվել է 2026թ. մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել Սերդար Քըլըչին և Ռուբեն Ռուբինյանին:
Կարգավորման գործընթացի արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վիզային ռեժիմը ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Ս. թ. ապրիլին Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանն իր կողմից արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանի հսկիչ-անցագրային կետի (Մարգարա - խմբ.) վերականգնման աշխատանքները, իսկ թուրքական կողմն այս տարի վերջապես սկսել է իր կողմից (Ալիջան - խմբ.) վերականգնողական աշխատանքները:
Իսկ 2026 թվականի մայիսին Անկարան և Երևանը հաղորդել էին, որ ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։
Նշենք, որ Անիի կամուրջը (X-XI դդ.) պատմական ճարտարապետական հուշարձան է, որը կապում է Ախուրյան գետի ափերը Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Մետաքսի ճանապարհի վրա գտնվող ավերված դարավոր կամուրջը Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները պայմանավորվել են համատեղ վերականգնել՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում:



