


Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում կամավոր հանձնվել է 912 միավոր տարբեր տեսակի հրազեն, ինչը 101 միավորով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հաղորդում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը մշտապես հետևողական պայքար է մղել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ։ Պայքարի առանցքում են ինչպես դրանք առգրավվելու, այնպես էլ կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները», - նշվում է հաղորդագրությունում։
ՆԳՆ ոստիկանության ուղերձը հստակ է՝ ձևավորել ընկալում, որ կամավոր հանձնված յուրաքանչյուր զենք հանրային անվտանգության ապահովմանն ուղղված պատասխանատու քայլ է։
ՀՈԳՎ հերթապահ ծառայության վարչության թույլտվության և մեթոդական ապահովման բաժնի պետ Սարգիս Քյասինյանի խոսքով՝ «Ոստիկանությունը չի սահմանափակվում միայն բացատրական աշխատանքով․ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ուժեղացված ծառայությունների ժամանակ նույնպես հայտնաբերվում է ապօրինի պահվող զենք-զինամթերք»:
2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 381 միավոր զենք։
Ընդհանուր առմամբ՝ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։
«Այն քաղաքացիները, որոնք ունեն ապօրինի զենք-զինամթերք, կոչ եմ անում ներկայացնեն Ոստիկանություն․ այդկերպ կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե իրենց արարքում այլ հանցակազմ առկա չէ»,-հորդորում է Սարգիս Քյասինյանը։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակելու են օպերատիվ աշխատանքը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ․ քրեական պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցը զենք-զինամթերքը կամավոր հանձնելն է, եթե ձեր գործողություններում այլ հանցակազմ չկա», - ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։



