
Արմինֆո. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ այն բանից հետո, երբ Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ ռազմագերիների նկատմամբ դատավճիռները՝ նրանց բողոքների քննությունից հետո:
«Այն, որ Բաքվի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռները, որևէ մեկի համար անակնկալ չէր։
Բաքվում կայացվող այս ապօրինի դատավճիռները չեն փոխում մեկ իրականություն. մեր հայրենակիցները քաղաքական պատանդներ են։ Ադրբեջանում իրականացվող այս «դատավարությունները» իրավական գործընթաց չեն, այլ քաղաքական հաշվեհարդարի և ցուցադրական դատաստանի գործիք, որի նպատակը Արցախի ինքնորոշման պայքարի քրեականացումը, հայ ժողովրդի նվաստացումը և միջազգային հանրությանը սեփական կեղծ օրակարգի պարտադրումն են։
Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել «խաղաղության» գործընթացի մասին, Ադրբեջանը շարունակում է ուժի, սպառնալիքի և քաղաքական հաշվեհարդարի իր քաղաքականությունը։ Այս հակասությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան հեռու են պաշտոնական հայտարարությունները իրականությունից։
Առավել մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների անգործությունը։ Այս ամբողջ ընթացքում մենք չենք տեսել ո՛չ գերիների հարցի հետևողական բարձրաձայնում միջազգային հարթակներում, ո՛չ էլ նրանց ազատման ուղղությամբ գործուն դիվանագիտական ճնշում։ Լռությունն, այս պարագայում, ինքնին քաղաքական ընտրություն է։
Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ մեր հայրենակիցները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում՝ կեղծ մեղադրանքներով։ Քանի դեռ նրանք գերության մեջ են, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական, իրավական և դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ նպատակի՝ նրանց անհապաղ ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին», - գրել է Արցախի պետնախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել հայկական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավճիռները՝ նրանց բողոքների քննությունից հետո:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։