
Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսները ժամանել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական գործով առաջին նիստը:
Այդ առնչությամբ դատարանի շենքի մոտ հավաքվել են Ամենայն հայոց կաթողիկոսի աջակիցները։ Նրանք Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը նշել է, որ Գարեգին Բ-ն, ըստ էության, մեղադրվում է իր կանոնական գործառույթները կատարելու համար: "Սա ակնհայտ հակաօրինական և քաղաքական գործընթաց է Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Մնացած մանրամասները կներկայացվեն նիստից հետո", - նշել է Զոհրաբյանը։
Իր հերթին՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, անտանելի ցավ է զգում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ նման ապօրինի գործողություններ են տեղի ունենում: "Կարծում եմ, որ այն փաստաբանները, որոնք կներկայացնեն Նորին սրբության շահերը, հավուր պատշաճի կանեն այն ամենը, ինչ պահանջվում է նրանցից։ Կարծում եմ ՝ դեռ վաղ է ասել, թե ինչով կավարտվի ամեն ինչ։ Նախնական դատաքննության փուլում առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն: Հույս ունենք, որ դրանից կօգտվեն։ Բայց փաստն այն է, որ մենք գործ ունենք անօրինական գործընթացի հետ", - ընդգծել է Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։