
Արմինֆո.Դատավոր Հակոբ Մանուկյանը, ում նախագահությամբ պետք է տեղի ունենար Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստը, ինքնաբացարկ է հայտնել: Այդ մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ դատավորը նիստի ընթացքում հաղորդել է, որ նախկինում փաստաբան է եղել։ Զոհրաբյանը հստակեցրել է, որ նրան արտոնագիր անձամբ ինքն է տվե։ "Իմ կարծիքով՝ դա ինքնաբացարկի հիմք չէ։ Բայց դատավորը նշել է, որ դա կարող էր ինչ-որ կասկածներ առաջացնել։ Ես, ամեն դեպքում, ողջունում եմ նման որոշումը։ Ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այդ խայտառակ գործընթացին։ Թեեւ իրավական տեսանկյունից դատավորը կարող էր դա չանել", - նշել է Զոհրաբյանը։
Ինչպես պարզաբանել է փաստաբանը, դրանից հետո գործը պետք է հանձնվի մեկ այլ դատավորի, որը նոր նիստ կնշանակի։ "Եթե մյուս դատավորն ինքնաբացարկ չհայտնի, ապա գործը կքննվի", - պարզաբանել է փաստաբանը:
Նա կարծում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի նիստն անցնի դռնփակ։ "Մենք էլ փորձելու ենք ամեն ինչ անել, որ ամեն ինչ ընթանա "բաց դռների" պայմաններում", - եզրափակել է Զոհրաբյանը:
Նիստից հետո Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ուղևորվել է Մայր Աթոռ: Նրան ուղեկցել են բոլոր նրանք, ովքեր եկել էին դատարանի շենքի մոտ նրան աջակցելու ։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։