
Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նա պատմել է, որ այս տարվա հունվարին "Արմենիա միջազգային օդանավակայաններ" կառավարող ընկերության հետ ստորագրվել է կոնցեսիոն պայմանագրին կից հինգերորդ լրացումը, որի համաձայն, վերջինս պարտավորվել է 425 մլն դոլարի ներդրում կատարել օդանավակայանում: Դրանից հետո ընկերությունը կառավարությանը ներկայացրել է օդանավակայանի հին շենքի վերափոխման մաստեր պլանը, որն արդեն 95 տոկոսով համաձայնեցված է:
Նոր տերմինալը պետք է ինտեգրվի հին շենքի հետ, սակայն, ինչպես նշել է Մարտիրոսյանը, վերջինս կվերափոխվի։ "Պետք է տեղի ունենա հուշարձանի փոփոխություն, որը հայեցակարգային առումով արդեն հավանության է արժանացել։ Բայց երբ վերջնական էսքիզներն ու նախագծերը պատրաստ լինեն, մենք դրանք կներառենք մաստեր պլանի մեջ և կդնենք հանրային քննարկման", - ասոլ է փոխնախարարը, հաղորդելով, որ օդանավակայանի հին շենքի հայտնի աշտարակը կպահպանվի, իսկ վերափոխումները կվերաբերեն այն շրջապատող կառույցներին։ Միաժամանակ, կպահպանվի նաև պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակը։
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականին "Հայկական միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ը հայտարարություն էր տարածել, որ "Զվարթնոցի" հին շենքը վտանգ է ներկայացնում շրջապատի համար և չի համապատասխանում աերոնավիգացիայի ժամանակակից չափանիշներին: Կլոր շենքի քանդման նախագիծը խիստ քննադատության էր արժանացել ճարտարապետների շրջանում, ովքեր նշել էին, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում: 2015 թվականին կոնցեսիոները ներկայացրել էր նոր նախագիծ, որը ենթադրում էր "Զվարթնոցի" հին շենքի մասնակի պահպանում։ "Զվարթնոց" օդանավակայանի հին համալիրի օղակաձև էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է "Հայկական միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ին՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին: Սակայն բողոքի ալիքի պատճառով իշխանությունները հայտարարել են քանդման վերաբերյալ վերջնական որոշման բացակայության մասին։
Այն լուրերի տարածումից հետո, թե օդանավակայանի հին շենքը ցանկանում են հանել Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկց, խիստ քննադատությամբ էին հանդես եկել հայ ճարտարապետները: Նրանք միանշանակ դիրքորոշում էին հայտնել, որ "Զվարթնոցի" հին շենքը պետք է ամբողջությամբ պահպանվի։ Մասնավորապես, նշվում էր, որ այդ շենքը Հայաստանի ռազմավարական նշանակության այլ օբյեկտների (ԱԷԿ, մի շարք ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունել) հետ միասին կառուցվել է անվտանգության խիստ կանոնների պահպանմամբ և ունակ է դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի:
Օրեր առաջ կառավարության այդ նախաձեռնությունը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև "Արթուր Թարխանյանի կենտրոն" թանգարանը: Ավելին, թանգարանում կարծում են, որ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը կարող է նորից շահագործման հանձնվել ՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին։
Docomomo միջազգային կազմակերպության հայկական ներկայացուցչությունը նույնպես դատապարտել է "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և որպես պահպանության ենթակա օբյեկտ իրավական կարգավիճակի գործողությունը դադարեցնելու Հայաստանի կառավարության նախաձեռնությունը: Կառավարության նման որոշման նախագիծը, նույնիսկ, դրա քննարկման փաստը, նրանց կարծիքով, կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել ապագայում հուշարձանների նկատմամբ ցանկացած նման ոտնձգության համար՝ ոչ միայն ժամանակակից ժառանգության օբյեկտների, այլև բոլոր հուշարձանների նկատմամբ ՝ անկախ դրանց ֆունկցիոնալ կամ պատմական նշանակությունից ։