
Արմինֆո. Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այդ ճանապարհը սովորական ավտոմոբիլային ճանապարհ չէ, ինչպես, օրինակ, Երևան-Սևան մայրուղին։ Այն ղեկավարելու է հայ-ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերի մեծ մասը ամերիկացիների ձեռքում է։ Այսօր, ինչպես նշել է ընդդիմադիրը, գլխավոր հարցը, որը մտահոգում է երկրի հանրությանը, այն է, թե դրանից ինչ օգուտ կստանա Հայաստանի Հանրապետությունը: Շատերն այդ ճանապարհն անվանում են" Թրամփի ուղի", ոմանք, պարզապես՝ ճանապարհ, մյուսները՝ միջանցք, բայց ողջ խնդիրը բառախաղի մեջ չէ, շատ ավելի կարևոր է հարցի բովանդակային կողմը, այսինքն՝ դրա արդյունավետությունը։ Եվ այս դեպքում ակնհայտ է այստեղ խնդրի առկայությունը։ Օրինակ՝ արդյոք հայ սահմանապահը գործ կունենա ադրբեջանցիների հետ, թե վերջիններս անարգել կշարունակեն ճանապարհը։ Այս հարցերի պատասխանները, ինչպես նշել է Սաղաթելյանը, մինչ օրս բացակայում են, կամ ներկայիս իշխանությունները չեն կարող դրանց խելամիտ պատասխան տալ։
Սաղաթելյանը նշել է, որ TRIPP-ի շուրջ համաձայնագրի նախագիծը Սահմանադրական դատարանում է, որից հետո կմտնի խորհրդարան: Հենց այդ ժամանակ էլ կծավալվի համապարփակ և մանրամասն խոսակցություն։ "Իսկ մինչ այդ ես շարունակում եմ համարել, որ այս նախագիծը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար", - ասել է ընդդիմադիրը:
Նա հավելել է, որ "Հայաստան" դաշինքի համար գործող իշխանության էության և բնույթի վերաբերյալ բոլոր գնահատականները մնում են ուժի մեջ: Մասնավորապես, դաշինքում կարծում են, որ այսօրվա իշխանությունը սպառնալիք է հայոց պետականությանը։ "Դրա համար էլ այս նոր խորհրդարանում ներկայիս իշխանության օրոք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև օրեցօր ուժեղանում են, ուստի իշխանափոխության հարցը մնում է օրակարգում: Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է բանակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ և հասնել համախմբման։ Բանակցություններն ընթանում են, մենք ունենք ճանապարհային քարտեզ, բայց պետք է համաձայնության գալ այն հրապարակելու վերաբերյալ։ Մեր առջև բարդ խնդիրներ են դրված։ Այս իշխանություններն արդեն ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների", - նշել է Սաղաթելյանը։