


Արմինֆո. Հայաստանի հասարակայնությունն Ազգային Ժողովից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ սկանդալային միջադեպեր և ներողություն խնդրելու պահանջներ: Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովը ռիսկի է դիմում վերածվելու անհասկանալի օրակարգով մարմնի, որը կտրված է քաղաքացիների իրական խնդիրներից: Փոխարենը՝ խորհրդարանի ղեկավարությունը գլորվում է դեպի սպառնալիքների լեզու և "ակն ընդ ական" սկզբունք։ "Երբեմն մենք կարող ենք պայմանավորվել Dress code-ի շուրջ, ինչը տեղավորվում է ողջախոհության տրամաբանության մեջ, միայն հարցն այն է, թե որքանով է դա կարևոր և անհրաժեշտ հիմա: Առավել ևս, որ նիստերը նախագահող անձինք ամբողջովին հրաժարվել են անաչառ դատավոր լինելու խոստումից և գործում են բացառապես կառավարող թիմի շահերից ելնելով", - ասել է Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ մասնակիցներին օրենքի շրջանակներում կարգի հրավիրելու փոխարեն նախագահողներն իրենք են ագրեսիվ հռետորաբանություն կիրառում և սպառնում են պատգամավորներին դուրս շպրտել դահլիճից ՝ բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը տեղափոխելով հաշվեհարդարի մակարդակ: "Երբ ԱԺ ղեկավարության կողմից նման ազդակներ են հեռարձակվում հանրությանը, իսկ ընդդիմությունից ներողություն են պահանջում՝ առանց որևէ իրավական հիմքի, դա խոսում է բացարձակ իրավական նիհիլիզմի մասին", - նշել է խորհրդարանականը, հավելելով, որ խմբակցությունն իր հստակ դիրքորոշումն արդեն հայտնել է ղեկավար Նարեկ Կարապետյանի միջոցով և մտադիր չէ ենթարկվել պարտադրված խաղի կանոններին:
Նշենք, որ ԱԺ-ում արդեն երկրորդ օրը քննարկումներ են ընթանում ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի շուրջ, ով նախօրեին իշխող կուսակցության ներկայացուցիչներին "սրիկա" էր անվանել:



