
Արմինֆո. Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը ՀՀ քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ ՝ ներկայիս 25 000 դրամի փոխարեն: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
Ընդ որում, նա նշել է, որ նոր նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 10 տարի է, իսկ նոր նույնականացման քարտերինը՝ 5 տարի։ Վերջիններիս արժեքը կկազմի 5 950 դրամ։
Նոր կարգավորումների համաձայն, ծնողների ցանկությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ մինչև 16 տարեկան երեխաները, իսկ 16 տարին լրանալուց հետո նոր նմուշի անձնագիրը կդառնա պարտադիր: Ընդ որում, Դավթյանը նշել է, որ անձնագիր ստանալու պայմանը նույնականացման քարտի առկայությունն է։
Միգրացիոն ծառայության պետի պաշտոնակատարի խոսքով՝ նոր կենսաչափական համակարգի գործարկումից հետո, որը նախատեսված է այս տարվա աշնանը, Հայաստանի քաղաքացիները ցանկության դեպքում, անկախ իրենց գործող փաստաթղթի վավերականության ժամկետից, կարող են դիմել անձնագրի փոխարինման համար կամ օգտվել իրենց գործող անձնագրից՝ մինչև դրա վավերականության ժամկետի ավարտը: Նույն ընթացակարգը տարածվում է նաև նույնականացման քարտերի վրա։
Դավթյանը նաեւ հաղորդել է, որ գործելու են կենսաչափական համակարգի գործարկման մրցույթում հաղթած մասնավոր ընկերության 14 գրասենյակներ, որոնք զբաղվելու են փաստաթղթերի ձևակերպմամբ: Դիմում ներկայացնելուց և Բնակչության պետական ռեգիստրի կողմից տվյալների հաստատումից հետո նոր նմուշի փաստաթուղթ ստանալու սպասման ժամկետը չպետք է գերազանցի երկու շաբաթը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Հայաստանի ՆԳՆ-ը հաղորդել էր Նիդերլանդներում ՀՀ նոր անձնագրերի տպագրության զանգվածային մեկնարկի մասին:
Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Հառլեմում (Նիդերլանդներ), որտեղ վերջնականապես հաստատել է նոր փաստաթղթերի տեխնիկական և դիզայներական լուծումները, ինչպես նաև՝ կատարել վերջին ճշգրտումները ՝ ուղղված անվտանգության միջազգային չափորոշիչներին և օգտատերերի սպասելիքներին դրանց լիարժեք համապատասխանության ապահովմանը:
Իսկ դեռ 2025 թվականի ապրիլին ՆԳՆ-ը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերի պատրաստմամբ կզբաղվի ֆրանսիական IDEMIA Identity Security France and A. C. I. Technology S. a.r.l. ընկերությունների կոնսորցիումը։