
Արմինֆո. Ավարտվել է "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին Facebook-ի իր Էջում հաղորդում է "Մայր Հայաստան"-ը:
Երկուսն էլ անցնում են պետական դավաճանության վերաբերյալ գործով։ Քաղաքական ուժը հաղորդել է, որ նախաքննությունն ավարտվել է, և գործը փոխանցվում է դատարան:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստի առթիվ: Թևանյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը 622 հազար դոլարի դիմաց օտար պետությանը փոխանցելու համար: Իսկ մայիսի 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է երկամսյա կալանքի: Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով, այդ օրերին իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով: Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, և, հետևաբար, Քննչական կոմիտեի նման պնդումներն իրենց տակ հող չունեն։ Իսկ արդեն հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել է "Մայր Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Քննչական կոմիտեի վարկածով ՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ: