
Արմինֆո. Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS) հրապարակել է "Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին 2025 թվականի տարեկան զեկույցը", որում գնահատականներ են տրված նաև Հայաստանում տիրող իրավիճակին:
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Հայաստանը շարունակել է դատական համակարգում բարեփոխումների իր ծրագրի առաջմղումը և մարդու իրավունքների հարգանքի, պաշտպանության և պահպանման ամրապնդումը:
"Իշխանությունները հավակնոտ դատական, ոստիկանական և սահմանադրական բարեփոխումներ են իրականացնում, բայց բախվում են քաղաքացիական հասարակության քննադատությանը բարեփոխումների հետևողականության և առաջընթացի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նաև մատնանշել են ոստիկանության կողմից չարաշահումների հետաքննության անարդյունավետությունը, մասնավորապես, ուժի չափից ավելի կիրառումը, դատական իշխանության անկախության բացակայությունը և քրեական դատավարություններում նախնական կալանքի չափից ավելի կիրառումը", - նշում են զեկույցի հեղինակները:
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շարունակում է մնալ ամենաակտիվներից մեկը տարածաշրջանում: "Չնայած բևեռացված իրադրությանը՝ լրատվամիջոցների բազմակարծությունը պահպանվում է։ Սակայն 2026 թվականի հունիսին համընդհանուր ընտրությունների նախաշեմին ուժեղացել են ապատեղեկատվությունը, օտարերկրյա միջամտությունն ու հիբրիդային սպառնալիքները", - ասվում է փաստաթղթում։
Հավելվում է, որ սոցիալական իրավունքների ոլորտում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը, որն ուղղված է առողջապահության հավասար և մատչելի հասանելիության ապահովմանը: Իշխանությունները շարունակել են ջանքերը ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի ինտեգրմանը։ 2025 թվին վարձավճարների և կոմունալ ծառայությունների աջակցության սխեման փոխարինվել է թիրախային օժանդակությամբ, չնայած բնակարանային հատվածի, զբաղվածության և սոցիալական ծառայությունների վրա ճնշումները շարունակվել են:
"Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը դրական քայլ էր, և գենդերային բռնության մասին օրենքն ընդունվեց, սակայն դրա իրականացումը տեղերում պետք է բարելավվի: "Երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության համակարգի մասին" օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերից: Քաղաքացիական հասարակությունը շարունակում է վիճարկել կառավարության կողմից օգտագործվող հաշմանդամության գնահատման ալգորիթմը և Վերաքննիչ դատարանի որոշումը, որը նեղացնում է հաշմանդամության հիմքով խտրականության իրավական մեկնաբանությունը: Խտրականության դեմ պայքարի և փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ համապարփակ օրենսդրության ընդունման հարցում առաջընթաց դեռ չի գրանցվել", - նշում են զեկույցի հեղինակները:
Միաժամանակ, ընդգծվում է, որ դատական համակարգում Հայաստանը շարունակել է բարեխղճության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, սակայն պահպանվում են մտահոգությունները դատական համակարգում նշանակումների թափանցիկության և բարեխղճության ապահովման մեխանիզմների արդյունավետ կիրառման վերաբերյալ:
"Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության մի մասը մեղադրանքներ են առաջադրել քրեական արդարադատության համակարգը գործիքավորելու համար, ինչը վտանգ է ներկայացնում այլախոհությունը պատժելու և խոսքի ազատությունը խաթարելու համար, այդ թվում ՝ խուլիգանությանը վերաբերող քրեական իրավունքի դրույթների հնարավոր գերօգտագործման պատճառով։ Նմանապես, մտահոգությունները պահպանվում են լրագրողների, բնապահպանական ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ ուղղված հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) վերաբերյալ: Նախնական կալանքի լայն կիրառումը պահպանվում է, կալանավայրերում մահվան դեպքերի հետ կապված մտավախությունների հետ մեկտեղ, չնայած օրենսդրական փոփոխություններին, որոնք ուժեղացնում են ազատությունից զրկված անձանց բժշկական երաշխիքները", - նշվում է զեկույցում:
Այս համատեքստում տեղեկացվում է, որ ԵՄ աջակցությամբ 2025 թվականին ստեղծվել է Հայաստանի արբիտրաժ - մեդիացիոն կենտրոնը, որը նպաստում է արդարադատության մատչելիության բարելավմանը:
"Պահպանվում են նաև մտահոգությունները հայ զինծառայողների վերաբերմունքի և պահման պայմանների վերաբերյալ, հատկապես մարտական գործողությունների հետ չկապված մահերի վերաբերյալ ՝ չնայած դրանց ընդհանուր թվի նվազմանը", - հայտարարել են զեկույցի հեղինակները:
Նշվում է, որ "Հայաստանն էապես ամրապնդել է իր հակակոռուպցիոն համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, այդ թվում ՝ GRECO-ին և OECD-ին":
"Հինգերորդ ազգային հակակոռուպցիոն ռազմավարությունը (2023 - 2026թթ.) ապահովում է համապարփակ հիմք, սակայն այն մնում է ոչ բավարար կողմնորոշված ռիսկերի գնահատմանը և չի պարունակում թիրախային միջոցներ կոռուպցիայի բարձր ռիսկ ունեցող ոլորտների համար, հատկապես՝ պետական գնումների ոլորտում", - ասվում է զեկույցում: