
Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, 41 ընտրատարածքի փոխարեն լինելու է 13 ընտրատարածք: Այդ մասին ասվում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, որը հրապարակվել է Եվրամիության Վենետիկի հանձնաժողովի կայքում:
Ըստ նոր նախագծի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ 13 ընտրատարածքներից 4-ը լինելու է Երևանում, 9-ը` մարզերում: Բացի այդ, Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը` ավագանու կողմից: Մյուս համայնքների մասով էական փոփոխություններ չկան:
Ինչպես նշվում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101: Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութուն ստացել է 53 մանդատ, ապա համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր: Եթե կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքում, ապա 101 մանդատները բաշխվում են և անցկացվում է 2-րդ փուլ:
Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ և 13 տարածքային ընտրական ցուցակ (ամեն տարածքի համար՝ մեկական): Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև: Ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկությունից հետո 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները: Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը: Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում են լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը: Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաև ազգային փոքրամասնությունների համար:
Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական փոչջագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե կենսաչափական անձնագրերով և թե նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյոք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյոք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է կենսաչափական անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին: Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանինների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Այդ ընտրությունների ժամանակ քվեարկության ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ: Համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Համամասնական ընտրությունների ժամանակ քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը դակվելու է հատուկ դակիչով (կնիքի փոխարեն):