
Արմինֆո. Հայաստանն առավել քան երբևէ մոտ է Եվրամիությանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։
Հիշեցնելով Երևանում ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի հաջող անցկացման մասին՝ Լամմերտը դրական է գնահատել Կայունության բարձրացման և աճի ծրագրի, Խաղաղության եվրոպական հիմնադրամի և գործընկերային առաքելությունների շրջանակներում երկկողմ համագործակցությունը:
Նրա խոսքով՝ Երևանն արդեն կատարել է առաջին քայլը դեպի ԵՄ տանող ճանապարհին, ընդունելով դաշինքին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը՝ այն համարելով կարևոր խորհրդանշական քայլ:
"ԵՄ անդամակցությունը ենթադրում է հստակ գործընթաց և պահանջում է պաշտոնական հայտ թեկնածու երկրից։ Մենք արդեն աշխատում ենք ԵՄ հետ Հայաստանի մերձեցման ուղղությամբ՝ տրանսպորտային եւ էներգետիկ կապերի, առեւտրի եւ այլ ոլորտների միջոցով", - ըստ ԶԼՄ-ների՝ նշել է Լամմերտը:
Եվրահանձնաժողովի գլխավոր մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն, իր հերթին, հայտարարել է, որ ԵՄ-ը մեծ հետաքրքրությամբ է հետեւում Հայաստանում ընթացող գործընթացներին, հավելելով, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը Եվրամիության նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ երկիրն առաջիկայում մտադիր է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ հանրապետությունը ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում գտնվելու վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացնի միայն Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելուց և այդ հայտի պատասխանն ստանալուց հետո:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն էր տվել "Եվրաքվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ուղարկվել էր Հայաստանի խորհրդարան ՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել էր այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: