


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ «Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։ Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել են կախված վիճակում: Նա ծառայությունն իրականացնում էր «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նրան գտել է հարազատը ՝ տանը կախված վիճակում, եւ այսօր նրա հերթապահության օրն էր, ու պետք է գնար զորամաս։
Նշենք, որ սա բանակում վերջին 3 օրվա ընթացքում արդեն երրորդ, իսկ վերջին 10 օրվա ընթացքում ՝ հինգերորդ դեպքն է։


