
Արմինֆո. Օգոստոսի 26-ի առավոտյան ժամը 8-ին լրացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման ժամկետը, որից հետո պատկան մարմինների կողմից ընդունվել է նորը, որը կգործի ևս 24 ժամ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանին փորձել են դատարան բերել, սակայն, հաշվի առնելով նրա առողջական խնդիրները, բժիշկները դա թույլ չեն տվել: "Այսօր առավոտյան ժամը 8-ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման որոշման ժամկետը ։ Դրանից հետո ընդունվեց նորը, որը նույնպես կգործի 24 ժամ ։ Նպատակը Ռոբերտ Քոչարյանին ցանկացած ձևով դատարան բերելն է", - նշել է պատգամավորը։
Լևոն Քոչարյանը միաժամանակ հավելել է, որ իրեն կալանավորելու մասին խոսելը դեռ վաղաժամ է, քանի որ դրա համար Հայաստանի գլխավոր դատախազը պետք է ներկայանա խորհրդարան և խնդրի իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: "Ընդհանրապես, այս ամենը տեղի է ունենում անարդար և անհավասար պայմաններում, քանի որ կա նախաքննական գաղտնիք հասկացություն, և քանի դեռ նրանք ասում են ինչ ուզում են, դու ստիպված ես լռել։ Բայց, կարծում եմ, որ այս փուլում նրանք չեն ցանկանա դիմել դրան (Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն - խմբ.) ։ Քանի որ գլխավոր դատախազն ստիպված կլինի պատասխանել հարցերին, բացատրել ամեն ինչ", - կարծում է ընդդիմադիրը։
Պատգամավորը վստահ է, որ գործող իշխանություններին, պարզապես, ռեպորտաժների համար նյութեր են պետք, որտեղ իրավապահները ներխուժում են տներ և ձերբակալություններ իրականացնում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում և Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններում: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են և տարվել Հակակոռուպցիոն կոմիտե ՝ հարցաքննության: Սակայն մոտ երկու շաբաթ առաջ սրտի վիրահատության ենթարկված Ռոբերտ Քոչարյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ռոբերտ Քոչարյանին նույն օրը մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշոր կաշառք ստանալու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի այն բանից հետո, երբ նա անցնի անհրաժեշտ բուժզննում:
Հավելենք, որ 2026 թվականի օգոստոսի 26-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդել են, որ նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ մեղադրյալի նկատմամբ, ըստ աղբյուրի, տնային կալանք է կիրառվել։ Հաղորդվում է նաեւ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, ով նույնպես անցնում է գործով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: