
Արմինֆո.Շենգավիթ վարչական շրջանի Աէրացիա թաղամասում առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել։ Բնակիչները հաղորդում են, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչները առավոտից փորձել են քանդել Աէրացիա թաղամասի բնակելի տնակները: Մայրաքաղաքի պաշտոնյաների հավաստմամբ՝ դրանք ապօրինի շինություններ են, որոնք ենթակա են ապամոնտաժման։ Դա լարվածություն է առաջացրել քանդման ենթակա տնակների բնակիչների եւ պաշտոնյաների միջեւ։ Դեպքի վայր են կանչվել շտապօգնության բրիգադներ։
Լրագրողների հետ զրույցում թաղամասի բնակչուհիներից մեկը պատմել է, որ այդ տներն իրենց տրամադրել են բարերարները, և իրենք արդեն 30 տարի ապրում են այնտեղ: Նրա խոսքով ՝ շրջանի վարչակազմի աշխատակիցներն իրենց մոտ են եկել շաբաթ օրը և հաղորդել, որ մինչև երկուշաբթի պետք է ազատեն այդ տարածքը: Մինչդեռ, նրա ասելով, իրենք երկար ժամանակ այդ վայրերում գոնե ինչ-որ պայմաններ են ստեղծել, որտեղ կարող էին բնակվել իրենց երեխաները։ "Ոչ ոք մեզ նախապես չի զգուշացրել այդ մասին։ Նրանք եկան ու մեզ փաստի առջեւ կանգնեցրին։ Մենք ունենք փոքր երեխաներ, ու՞ր պետք է գնանք նրանց հետ: Ընդ որում, մեր ոչ մի հարցի չպատասխանեցին, միայն ասացին, որ մենք պետք է հեռանանք, քանի որ իրենք մտադիր են քանդել այդ տնակները", - հաղորդել է նա։
Բնակիչները պատմել են, որ անգամ դիմում են գրել Երևանի քաղաքապետարան: Սակայն, նույնիսկ դա չի փոխել իրավիճակը։ "Մենք այլևս ապրելու տեղ չունենք։ Ես հաշմանդամություն ունեմ, ուստի աշխատելու հնարավորություն չունեմ: Մեր ընտանիքում աշխատում է միայն մեկ տղամարդ, ով օրական ստանում է 3000-5000 դրամ։ Եվ դա այն դեպքում, երբ նա երկրորդ խմբի հաշմանդամ է։ Մենք ունենք 7 երեխա, մի քանիսն առողջական խնդիրներ ունեն։ Կառավարություն անապահով ընտանիքներին օգնելու փոխարեն խնդրում է թողնել իրենց բնակելի տները: Հայերին ստիպում են հեռանալ, թուրքերին բերում են։ Մենք վճարում էինք ջրի, լույսի համար։ Թե ինչն է պատճառը, որ մեզ ուզում են այստեղից վտարել, մեզ համար պարզ չէ", - հավելել է բնակիչներից մեկը։
Նշենք, որ լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես է հավաքվածներից մեկը քար նետում ոստիկանական մեքենայի վրա: Մյուս կադրերում երևում է, որ բնակիչները քարեր են նետել նաև բուլդոզերի վրա, որն էլ պետք է քանդեր, այսպես կոչված, ինքնաշեն կառույցը: Հաղորդվում է, որ դրանից հետո ձերբակալվել է երկու մարդ ՝ մեկ կին (երեք անչափահաս երեխաների մայր - խմբ.) և մեկ տղամարդ։
Դեպքի վայրի տեսագրությունների համաձայն, տեղում աշխատել են նաև շտապօգնության բժիշկները։ Թաղամասի բնակչուհիներից մեկը, առանց իր անունը նշելու, պատմել է, որ շտապօգնությունն իր պատճառով է եկել, քանի որ կտրուկ վատացել է: "Մեզ մոտ եկան և հայտարարեցին, որ կա որոշում, որով այդ բնակելի շինությունները պետք է քանդվեն ։ Ինչ վերաբերում է ձերբակալված կնոջը, ապա, նա, պարզապես զայրացել է այդ պահին, քանի որ իր երեք անչափահաս երեխաների հետ գնալու տեղ չունի", - պատմել է կինը։
Երևանի քաղաքապետարանում առայժմ որևէ հայտարարություն չեն արել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: