
Արմինֆո. Աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։
Նրա ասելով՝ այդ ֆոնին հարց է ծագում, թե Հայաստանի նման փոքր պետությունն ինչպես կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։
«Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության իմաստը հետեւյալն է․ երբ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։
Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։
Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ։
Հիմա մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։ Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արեւելքից արեւմուտք՝ այսինքն Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները», - հայտարրել է Հայաստանի վարչապետը։