


ՙArmenia՚ նոր ավիաընկերությունը թռիչքներ կսկսի ապրիլի 21-ից: Առաջին չվերթերը տեղի կունենան դեպի Թել Ավիվ և Մոսկվա: ՙԱվիաընկերությունը մեծ հավակնություններ ու ծրագրեր ունի: Թռիչքներ կիրականացնենք Ռուսաստանի տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թ ել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լառնակա և Լոնդոն՚,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ավիաընկերության հիմնադիրներից մեկը՝ Թամազ Գաիաշվիլին: Նա խոստացել է մոտ ժամանակներս ոչ միայն ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, այլ նաև գնային քաղաքականություն մշակելիս ղեկավարվել հայ սպառողի շահերով:
Ընկերության հիմնական բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով, ավիաընկերությունն արդեն գրանցված է և շահագործողի սերտիֆիկատ է ստացել 2 շաբաթ առաջ: Այժմ ընկերությունը մի շարք ուղղություններով լիցենզիաների ստացման հայտեր է ներկայացրել: Ավիաընկերությունը նախատեսում է հավաքագրել 200-300 աշխատակից, որից 60-ն արդեն ընտրվել է: Նրանք հիմնականում Հայաստանի քաղաքացիներ և ավելի վաղ գործող հայկական ավիաընկերությունների մասնագետներ են:
ՙՀիմնական ավիապարկը բաղկացած է Բոինգ-737-500, 737-700 և 737-800-ից: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կսկսի լիզինգով վերցված երեք Boeing 737 ինքնաթիռով, իսկ տարեվերջին ավիապարկը կընդլայնվի մինչև 8 ինքնաթիռ՚,- ասել է Գաիաշվիլին: Նրա խոսքով, ավիապարկի ինքնաթիռների միջին տարիքը չի գերազանցի 15 տարին, իսկ տեխնիկական սպասարկում վերջիններս կանցնեն Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունում:
49 եվրոյով ավիատոմս գնել կարող են ոչ բոլորը, այն էլ՝ թռիչքից երկու ամիս առաջ և առանց վերադարձնելու հնարավորության, հայտնել է Գաիաշվիլին: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարին գումարվում են օդանավակայանային
վճարները /տուրքերը և հարկերը հաշվի առնելով՝ շուրջ 96 եվրո/: Ավիատոմսերի վերջնական արժեքն առնվազն 20-30% ավելի թանկ կլինի, քան Վրաստանում: ՙՀայաստանում ավելի թանկ է վառելիքը և շատ այլ բաներ՚,- պարզաբանել է Գաիաշվիլին:



