


Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է մայրաքաղաքում երեք կարևոր ճանապարհային հանգույցների կառուցման մասին:
Սեպտեմբերի 7-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա նշել է, որ խոսքը Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղու Նորագավիթի հատվածում էստակադայի մասին է, Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անավարտ ճանապարհահատվածի և Իսակով-Արշակունյանց ճանապարհային հանգույցի մասին։ Ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ քաղաքապետի խորհրդական Անիտա Բաբայանը տեղեկացրել է, որ Իսակով-Արշակունյանց հանգույցի աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի վերջին և կտևեն շուրջ 18 ամիս: Նա պարզաբանել է, որ խոսքը Մոնթե Մելքոնյան փողոցն Արշակունյանց պողոտային կապող հատվածի մասին է, որն էական նշանակություն կունենա ճանապարհային երթևեկության և տրանսպորտային հանգույցների կառավարման համար: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 6.6 կմ, լայնությունը՝ 25 մ, երթևեկության համար՝ 6 գոտի: Նախագծով նախատեսվում է նաև Հրազդան գետի վրա 270մ երկարությամբ կամուրջ: Այն ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև վարկային համաձայնագրի շրջանակներում:-0-


