


Արմինֆո. Ներքին գործերի նախարարության երկու աշխատակիցներ կարգապահական հանձնաժողովի նիստի արդյունքում ազատվել են աշխատանքից: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից' տեղեկացնելով հանձնաժողովի հերթական նիստի արդյունքների մասին:
Հաղորդագրության համաձայն, համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության սկզբունքներից է։ Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովում քննված ծառայողական քննությունների արդյունքները։
Նիստին մասնակցել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները։
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ։


