
Արմինֆո.Չնայած աղիքային վարակի հերթական բռնկումից հետո ծորակի ջրից ժամանակավորապես հրաժարվելուվերաաբերյալ Բյուրեղավան համայնքի բնակիչներին ուղղված Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) կոչին՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը պնդում է, որ այս պահին բացակայում են թունավորման նախանշաններով հոսպիտալացման դեպքերի և ջրի որակի միջև կապը հաստատող փաստաթղթերը: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում։
Ավելին, ըստ Բալասանյանի, կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ ջուրը մաքուր է: "Չկա որևէ հաստատված փաստաթուղթ, որը կհաստատի, որ գյուղի բնակիչների թունավորումները կապված են ջրի որակի հետ։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է. կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք հաստատում են, որ ջուրը մաքուր է: Օրինակ՝ "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ի և այլ կազմակերպությունների", - հայտարարել է համայնքի ղեկավարը։
Նա նշել է, որ տեղի ունեցածի բոլոր մանրամասները կուսումնասիրվեն հարուցված քրեական գործի շրջանակներում: Բյուրեղավանի հոսպիտալացված բնակիչների վիճակի առնչությամբ Բալասանյանը վստահեցրել է, որ ծանր դեպքեր չկան: "Խնդրով դիմել է 9 մարդ, հոսպիտալացվել է 3 - ը", - նշել է Բալասանյանը:
Խոսելով այն մասին, թե ինչ է արվում խողովակաշարերի մաքրման համար, համայնքի ղեկավարը նշել է, որ իրենց կառույցն այդ ոլորտում լիազորություններ կամ պարտավորություններ չունի: "Մենք ավելի շատ հակահամաճարակային սանիտարահիգիենիկ միջոցառումներ ենք իրականացնում։ Մնացածը Ջրային կոմիտեի պատասխանատվությունն է։ Իսկ թե ինչի հետ են կապված հոսպիտալացման դեպքերը, այդ հարցին պետք է պատասխան տա դրա համար պատասխանատու մարմինը, պրոֆիլային կառույցը։ "Ոչ թե ասում եմ, որ ջրից չի, այլ ասում եմ, որ դա հաստատված տեղեկություն չէ", - հայտարարել է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:
Եվ, չնայած ՀՎԿԱԿ-ի կոչերին ՝ ժամանակավորապես չօգտվել ծորակի ջրից, համայնքի ղեկավարն առաջարկել է այն եռացնել և օգտագործել: "Ավելին, նշեմ, որ Բյուրեղավանի բազմաթիվ բնակիչներ, այդ թվում ՝ մեր աշխատակիցները, սովորաբար աղբյուրի հասարակ ջուր են խմել, նրանք երբեք ջուր չեն գնել։ Եվ հիմա էլ շարունակում են օգտվել դրանից։ Իսկ ով տարածել է այդ հայտարարությունը, թող ինքը տա այդ հարցի պատասխանը։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա "Վեոլիա Ջուր"-ի հետ մտադիր ենք համատեղ նախագիծ իրականացնել, որպեսզի այն լինի շուրջօրյա", - հայտարարել է համայնքի ղեկավարը։
Մինչդեռ, Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանն ասել է, որ մինչև առավոտ իրենց մոտ, ընդհանուր առմամբ, 24 ահազանգ է եղել: "Երեք հոսպիտալացվածները 3, 5, 12 տարեկան երեխաներ են, նրանց վիճակն այժմ բավարար է ։ Այսօր այդ զանգերը շարունակում են ստացվել, մենք ծանրաբեռնված ենք աշխատանքով", - հայտարարել է Վարդումյանը։
Ընդ որում, նա պարզաբանել է, որ հենց երեխաների հոսպիտալացումը կապված է այն բանի հետ, որ նրանք, պարզապես, ավելի դժվար են դիմանում ջրազրկմանը։ "Այդ պատճառով էլ նման դեպքերում ամենից հաճախ հոսպիտալացվում են երեխաները", - պարզաբանել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդ էին, որ 6 քաղաքացի դիմել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով: Նրանցից 3-ը, ըստ աղբյուրի, բուժօգնություն են ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն: Սեպտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) Բյուրեղավանի բնակիչներին կոչ էր արել ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջրի օգտագործումից, այդ թվում ՝ սնունդ պատրաստելու համար: Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն, իր հերթին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սա արդեն երրորդ դեպքն է չորս ամսվա ընթացքում: Նա նշել է, որ ջրամատակարարման որակի համար անմիջական պատասխանատվություն է կրում "Վեոլիա ջուրը", իսկ վերահսկողության և ստեղծված իրավիճակի համար քաղաքական պատասխանատվությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ ահազանգում են ջրի վատ որակի մասին և հայտնում աղիքային վարակի պատճառով հոսպիտալացման դեպքերի մասին: Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդել էին, որ շտապօգնությունը մեկ գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ: Ավելի ուշ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հաղորդել էր, որ պարբերաբար "Վեոլիա Ջուր" - ի կողմից մատակարարվող ջրի փորձաքննություն է իրականացրել: Նրա խոսքով ՝ հայտնի է դարձել, որ ամառային գրաֆիկի ժամանակ, երբ ջուրը բավարար չի լինում, ընկերությունը սկսել է այն խառնել բարձր կոշտություն ունեցող արտեզյան ջրի հետ։ Այսպիսով, ինչպես ուշադրություն է հրավիրել արդարադատության նախկին նախարարը, երկրի տարբեր բնակավայրերում այդ ցուցանիշը գերազանցել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի մակարդակը: