


ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 11-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի նախագահ դոկտոր Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին հայազգի և ֆրանսիացի բժիշկներ։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը դոկտոր Խաչատրյանը Վեհափառ հայրապետին ներկայացրել է ասոցիացիայի՝ Հայաստանում ծավալած առողջապահական ու մարդասիրական գործունեությունը՝ անդրադառնալով մասնավորապես Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առողջապահական ծառայությունների հասանելիության, բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերին։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել բժիշկների ազնիվ հանձնառությունը, որի շնորհիվ տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի բուժհաստատություններին և սահմանամերձ բնակավայրերում առողջապահական խնդիրներ ունեցող, սոցիալապես անապահով հայորդիներին։ Հայոց Հայրապետը կարևորել է նաև հայաստանյան գործընկերների հետ մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչը կնպաստի Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը և բնակչությանը մատուցվող բուժօգնության որակի բարձրացմանը։
Վեհափառ հայրապետն իր երախտագիտությունն է փոխանցել պատվիրակության անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և այն բոլոր կազմակերպություններին ու անձանց, որոնց զորակցությամբ կյանքի են կոչվում ասոցիացիայի մարդասիրական ծրագրերը՝ միաժամանակ ամրապնդելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել «Ֆրանսիական լույս» ասոցիացիային և ներկա բժիշկներին՝ մաղթելով արդյունավոր առաքելություն և նորանոր հաջողություններ իրենց մարդասիրական ու բժշկական օգտաշատ ծառայության մեջ։
Նշենք, որ "Ֆրանսիական լույս" ասոցիացիան հայ-ֆրանսիական բարեգործական և բժշկական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2021 թվականի փետրվարին ՝ Հայաստանում երկարաժամկետ մարդասիրական, սոցիալական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։


