


ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները նախատեսում են թարմացնել կառավարության անդամների երդման պաշտոնական տեքստը՝ այն հարմարեցնելով «իրական Հայաստանի» հայեցակարգին։ Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում են ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախագծի կարգավորման նպատակն է կատարելագործել կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը։ Առաջարկվող փոփոխությամբ երդման տեքստում առավել հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդմանը, հասարակական և պետական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու երկարակեցությանն ուղղված արժեքները։ Նախագծով առաջարկվում է 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ։ Առաջարկվող խմբագրությամբ պաշտոնը ստանձնած կառավարության անդամները կտան հետևյալ երդումը՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության երկարակեցության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի իմ պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ծառայել հասարակական շահերին, պաշտպանել պետական շահերը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել հանուն ներկա ու ապագա սերունդների բարօրության»։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կառավարության անդամների տված երդքն առավել ամբողջական կարտացոլի պաշտոնը ստանձնելու հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները։ Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նշենք, որ միայն նախարարին ուղղված հարցերին գրանցվել է 14 պատգամավոր։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը երկրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամ անց։


