
ԱրմԻնֆո. Այսօր Հայաստանին պարտադրվում է սողացող կապիտուլյացիա, և այդ նպատակի հաջող իրագործման համար չեզոքացվում են առանցքային ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները, որոնք կարող են կանգնեցնել այդ գործընթացները: Այդ մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա ակնհայտ է համարել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի ։ "Ակնհայտ է նաև, որ մեր տարածաշրջանում փոխվում է աշխարհաքաղաքական ճարտարապետությունը ։ Եվ երբ մենք խոսում ենք "Թրամփի երթուղու" (TRIPP) մասին, պետք է հասկանալ, որ այն իր մեջ անվտանգության որևէ բաղադրիչ չի պարունակում, այսինքն, այդ նախագիծը մեր ոչ մի խնդիր չի լուծում Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարց տա, թե արդյոք ընդդիմության առաջնորդների դեմ այս արշավն ունի որևէ իրավական բաղադրիչ ։ Մենք դեմ չենք իրավական գործընթացներին, բայց դրանք պետք է իրականացվեն օրենքի շրջանակներում ՝ առանց մարդու սահմանադրական իրավունքների խախտման ։ Չունենալով մինչ օրս որևէ ապացուցված դատական որոշում ՝ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժի ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնից խոսում են այդ ամենի մասին՝ որպես ապացուցված փաստ: Սա անմեղության կանխավարկածի համատարած խախտում է։ Այսօր Հայաստանում արձանագրվել է կալանավորումների խայտառակ քանակ։ Բոլորը, կարծես, մոռացել են, որ մենք ունենք միջազգային պարտավորություններ, և կալանքը դարձրել են ահաբեկման և բռնաճնշումների գործիք", - նշել է Գալստյանը։
Խոսելով այն մասին, թե ովքեր են այդ գործընթացների շահառուները, պատգամավորը նշել է, որ, առաջին հերթին, դա Հայաստանի գործող իշխանությունն է, որը պատրաստվում է հերթական զիջումների գնալ թշնամուն: "Ես համաձայն եմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ ունեն իրենց խնդիրները, մենք պատասխանատվություն ենք զգում ամեն ինչի համար, բայց յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում, և՝ ինչ մտադրություններով ։ Իսկ տեղի է ունենում այն, որ այսօր Հայաստանին պարտադրվում է սողացող կապիտուլյացիա, որի իրագործման համար վերացվում են այն քաղաքական ուժերի առաջնորդները, որոնք կարող են ինչ-որ կերպ ազդել դրա վրա", - ընդգծել է ընդդիմադիրը։
Պատգամավորը, մասնավորապես, կարծում է, որ տեղեկատվական աղմուկ է ստեղծվում նոր զիջումներին և պետականության կորստին ընդառաջ: Պատգամավորը նկատել է, որ խաղաղության մասին խոսակցություն չի կարող լինել, քանի դեռ Բաքվում կան հայ ռազմագերիներ, երբ Հայաստանի տարածքները օկուպացված են: "Եվ այս բոլոր բռնաճնշումների հետևում պետք է տեսնել մեկ բան ՝ Հայաստանի ինքնիշխանության և պետականության կորստի սպառնալիք", - հավելել է Գալստյանը։
Այս պայմաններում, ինչպես նշել է պատգամավորը, երկիրն այսօր անվտանգության երաշխիքներ չունի։ "Այսօր մեր երկրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու կարողությունները զրոյական մակարդակի վրա են։ Աշխարհաքաղաքական և ռազմավարական հավասարակշռության ակնհայտ խախտման պայմաններում Հայաստանը չունի սեփական անվտանգությունն ապահովելու ռեսուրսներ։ Եվ ակնհայտ է, որ այդ ռեսուրսը Հայաստանի իշխանությունները փորձում են փոխհատուցել շարունակվող զիջումների հաշվին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների համար ԵՄ-ն ընդամենը աշխարհագրություն է՝ առանց բովանդակության Իսկ անվտանգության միակ երաշխիքն առայժմ մնում է ռուսական 102-րդ ռազմակայանը, որի ճակատագիրն այսօր նույնպես մեծ հարցականի տակ է։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի նման խոցելի երկրները կարիք ունեն այլ պետությունների ուղղակի և անուղղակի աջակցության ՝ որպես նրա անվտանգության երաշխավոր։ Մեր անվտանգության ևս մեկ բաղադրիչ է նաև ազգային համերաշխությունը, և ես չեմ հիշում, որ անցած 36 տարիների ընթացքում Հայաստանում երբևէ ժողովրդի անմիաբանությունն ու անհանդուրժողականության մթնոլորտը լինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Դա էլ է այսօր մեր անվտանգության համար վտանգ ներկայացնում", - եզրափակել է պատգամավորը։