


ԱրմԻնֆո. Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն չէ. եթե այն պետք է ռուսական կողմին, ապա դա պետք է քննարկել հայկական կողմի հետ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանից ռազմակայանի դուրսբերման անհրաժեշտություն կա, պատգամավորը նշել է, որ այդ հարցի պատասխանը պարզ երևում է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքից: "Մեզ այն պետք չէ, բայց եթե այն պետք է ռուսական կողմին, դա քննարկման առարկա է, ոչ թե խնդիր", - ընդգծել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ իրենք կարող են դուրս բերել ռազմակայանը, եթե Հայաստանի Հանրապետությունը նման ցանկություն ունենա:
"Եթե ուզում են, որ մնա, թող հայկական կողմի հետ քննարկեն, եթե չեն ուզում, խնդիր չկա, թող չմնան", - նշել է Արմեն Խաչատրյանը: Հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր է ռազմակայանի պահման արժեքի կամ ֆինանսական պայմանների փոփոխություն կամ ավելացում, Արմեն Խաչատրյանը պատասխանել է, որ չի կարող հստակ ասել, բայց "ոչինչ բացառել պետք չէ":
Ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ. կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Ռազմակայանի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են ռազմակայանի տեղակայման շուրջ պայմանագրի գործողության ժամկետը՝ մինչև 2044թ.: Արձանագրությունը նախատեսում է նաև նրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում։
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված "Էրեբունի" ավիաբազան է, որի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում:


