
Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
«Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։
Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։
Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Արցախ: Եղել ենք Շուշիում և Ստեփանակերտում, որտեղ ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ջնջում է հայկական ողջ ներկայությունը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ներքո ։ Այնուհետև նրանք այցելել են Դադիվանք և Գանձասար Հայկական վանքեր և հիացմունքով լսել Ադրբեջանի նախագահի օգնական Խիկմետ Գաջիևի հեքիաթներն այն մասին, թե, իբր, դրանք Աղվանական սրբավայրեր են։ Մասնակիցների թվում էր նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով նույնխես ականատես է եղել Ադրբեջանի նախագահի օգնականի շոուին: Վերջինս, մասնավորապես, փորձել է Հայաստանին մեղադրել պատմությունը կեղծելու համար, իսկ դրա համար գործիք է ընտրել գրավյալ Գանձասարի թանգարանում ցուցադրված հին ձեռագրերի մակետները։