
Արմինֆո. Բաքվի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Ալթայ Գյոյուշովն արձագանքել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Արցախի բռնազավթված տարածքներ այցի վերաբերյալ հրապարակմանը:
Մասնավորապես, եվրոպացի պաշտոնյան իր թվիթերյան (X) էջում գրառում է կատարել բռնազավթված Արցախ կատարած այցի մասին, ընդ որում, օգտագործելով ոչ թե այդ տարածքի միջազգայնորեն ընդունված անվանումները, այլ՝ բացառապես Ադրբեջանի հորինած տեղանունները։ Նա, մասնավորապես, գրել է. "Սեպտեմբերի 11-12-ը ես առաջին անգամ մասնակցեցի Ադրբեջանի իշխանությունների կողմից դիվանագիտական կորպուսի համար կազմակերպված ուղևորությանը դեպի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի այն շրջաններ, որոնք տուժել են հակամարտության ընթացքում, որպեսզի ծանոթանամ իրավիճակին տեղերում":
Ադրբեջանցի պատմաբանը, կիսվելով Գրոնոյի հրապարակմամբ, գրել է, որ Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածը չի անվանել "Արևելյան Զանգեզուր":
"Այդ տերմինը Ալիևը շրջանառության մեջ դրեց 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։ Արդեն միայն դա ցույց տվեց, թե որքան անբովանդակ էր նրա հռետորաբանությունը խաղաղության մասին․եթե կա "Արևելյան Զանգեզուր", ապա, տրամաբանորեն, պետք է գոյություն ունենա նաև "Արևմտյան Զանգեզուր", և մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ տարածք է դա ենթադրում։
Ադրբեջանական պատմության դասագրքերում նաև պնդում են, որ ամբողջ Զանգեզուրը (այսինքն՝ հայկական Սյունիքը - խմբ.) ադրբեջանական սրբազան հող է։ Եվրոպացի դիվանագետներն այնքան անտեղյակ չեն, որ չիմանան այդ կոնտեքստի մասին։ Եվ, այդուհանդերձ, նրանք շարունակում են խրախուսել եւ վերարտադրել այդ հռետորաբանությունը", - նշել է Գյոյուշովը։
Այդ առնչությամբ փորձագետը հարց է տվել, թե դրանից հետո ինչպես կարելի է հավատալ, որ նման Եվրոպան իսկապես խաղաղություն է ուզում Հարավային Կովկասում:
"Այս առումով ես մեծ տարբերություն չեմ տեսնում տարածաշրջանի նկատմամբ ռուսական եւ եվրոպական մոտեցումների միջեւ. նույն "բաժանիր եւ տիրիր" սկզբունքը, նույն թշնամանքի հրահրումն ու նույն կայսերական տրամաբանությունը։ Դա չի նշանակում, որ այսօր պաշտպանելով Ալիևի հռետորաբանությունը, եվրոպացիներն անպայման "կանգնում են Ադրբեջանի կողքին"։ Այսօր նրանք կարող են աջակցել Ալիևի իռեդենտիստական հռետորաբանությանը, իսկ վաղը ՝ նույն եռանդով ճիշտ հակառակ դիրքորոշում որդեգրել։ Բայց, ամեն դեպքում, կտառապեն տեղի բնակիչները։ Եւ երբեմն ստեղծվում է տպավորություն, որ նրանց տառապանքներն ընկալվում են որպես նրանց շահերի, զարգացման ու բարգավաճման դիմաց ընդունելի գին, ովքեր իրենց անվանում են "քաղաքակիրթ աշխարհ", - հավելել է փորձագետը:
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Արցախ: Եղել են Շուշիում և Ստեփանակերտում, որտեղ ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ջնջում է հայկական ողջ ներկայությունը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ներքո ։ Այնուհետև նրանք այցելել են Դադիվանք և Գանձասար հայկական վանքեր և հիացմունքով լսել Ադրբեջանի նախագահի օգնական Խիկմետ Գաջիևի հեքիաթներն այն մասին, թե, իբր, դրանք Աղվանական սրբավայրեր են։ Մասնակիցների թվում է եղել նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով նույնպես ականատես է եղել Ադրբեջանի նախագահի օգնականի շոուին: Վերջինս, մասնավորապես, փորձել է Հայաստանին մեղադրել պատմությունը կեղծելու համար, իսկ այդ նպատակով որպես գործիք է ընտրել գրավյալ Գանձասարի թանգարանում ցուցադրված հին ձեռագրերի մակետները։