


Արմինֆո. Մոնրեալում՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունում, մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները։ Այդ մասին հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, գործադիր քարտուղարի տեղակալի և Քարտուղարության գործընկերների հետ քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի վերջնական նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ինչպես նաև բարձր մակարդակի գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
«COP17-ին մնացել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի, և այս փուլում երկրի առաջնահերթությունն է Կոնվենցիայի քարտուղարության հետ առավել սերտ համակարգմամբ ապահովել համաժողովի բովանդակային և կազմակերպչական լիարժեք պատրաստվածությունը», - ամփոփել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ COP17-ը կկայանա այս տարվա հոկտեմբերին Երևանում: ՄԱԿ - ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը: Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Համաժողովների աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական հանրության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:


