
Արմինֆո. "Հայ Յեղափոխական Դաշնակցությունը" կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Այդ ընտրություններին, ինչպես հստակեցրել է պատգամավորը, կմասնակցի նաև "Առաջ" կուսակցությունը: "ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ենք մի շարք համայնքներում։ Եւ մեր "Հայաստան" դաշինքի մյուս ուժը՝ "Առաջ" կուսակցությունը,նույնպես մասնակցելու է այդ ընտրություններին։ Երկու-երեք օր հետո կհրապարակենք բոլոր այն համայնքները, որտեղ մտադիր ենք մասնակցել", - հայտարարել է Սաղաթելյանը։
Ընդ որում, ընդդիմադիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում են զանգվածային և խայտառակ բռնաճնշումներ ընդդիմության նկատմամբ: "Հայաստանի ուժային կառույցները, Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը, նույնիսկ, հարկային մարմինները, մարզպետարանները հետապնդում են բոլոր այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք մտադիր են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Այդ ամենը համատարած բնույթ է կրում, իրենից ներկայացնում է խայտառակ ճնշման նոր մակարդակ", - նշել է ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով՝ այդ ճնշումը գործադրվում է ոչ միայն իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչների, այլև իրենց համախոհների նկատմամբ: "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը փորձելու է այս ընտրությունների միջոցով ապահովել իր լեգիտիմությունը, բայց դա ազատ ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի", - հավելել է նա:
Սաղաթելյանը նաեւ մեկնաբանել է երբեմնի ընդդիմադիր, Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությունը Գորիսում կայանալիք ընտրություններին՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության և "Բիզնես" կուսակցության կողմից ձևավորված "Համերաշխություն" դաշինքից: "Ցավում եմ այդ որոշման համար։ Երբ մեկ տարի առաջ ինձ ասում էին, որ Առուշանյանը կարող է համագործակցել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ, ես շատերի հետ վիճում էի, ասում էի, որ դա հնարավոր չէ։ Այն, ինչ արվել է, անընդունելի է և անհասկանալի՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ ցանկացած այլ մակարդակում։ Առնվազն ինձ համար անսպասելի էր", - նշել է պատգամավորը։
Նա խոստովանել է, որ իրենք մեծ աշխատանք ունեն անելու Հայաստանի քաղաքացիների հետ։ "Մենք էլ ունենք մեր թերությունները։ Այո, մենք ենք մեղավոր, որ գործող ղեկավարությունը դեռ իշխանության ղեկին է, որ մեր երկիր ողբերգություն ու մահ բերողներին դեռ հաջողվում է պահել իշխանությունը։ Բայց, հուսով եմ, որ դա երկար չի շարունակվի", - եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։