
Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Նոյ" կոնյակով բեռնված բեռնատարներն արդեն շուրջ 20 օր գտնվում են «Վերին Լարս» անցակետում և չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեի անդամների կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Ներկայացնելով իրավիճակն ընդհանուր առմամբ՝ Տոնոյանը պատմել է, որ "Մուլտի Գրուպ" կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերությունները շուրջ երեք ամիս չեն աշխատում, քանի որ նրանց տարածքները դեռ կապարակնքված են: "Օրեր առաջ վերականգնվել է "Եվրոմոթորս" ընկերության աշխատանքը, քանի որ դատական ատյանները ոչ իրավաչափ էին ճանաչել ընկերության կապարակնքման գործընթացը։ Մյուս ընկերությունների նկատմամբ դատական գործընթացները շարունակվում են", - տեղեկացրել է ԲՀԿ մամուլի քարտուղարը։
Նրա ասելով՝ իրենք ահազանգեր են ստացել նաև "Արարատցեմենտ" գործարանի, Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատի և Multi Wellness մարզաառողջարարական համալիրի կառավարման խնդիրների մասին: "Իսկ" Արարատցեմենտ" գործարանի մասով արդեն նշել ենք, որ ցեմենտի գինն աճել է մոտ 20 տոկոսով, մատակարարումների ծավալները մնում են անբավարար, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում շինարարական շուկայի համար", - հավելել է Տոնոյանը:
Ներկայումս, նրա հավաստմամբ, շարունակվում են համապատասխան դատական և իրավական գործընթացները: "Մուլտի Գրուպ Սթոուն" ընկերության նկատմամբ արդեն իսկ առկա է առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի, ընկերության կապարակնքման գործընթացը նույնպես ճանաչվել է ոչ իրավաչափ։ Ինչ վերաբերում է մյուս ընկերություններին, ապա մեր փաստաբանական խումբն ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնի համապատասխան գործընթացների մասին",-եզրափակել է ԲՀԿ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) համար։ Հետաքննության վարկածով ՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձինք, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը ՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին ։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել են։ Դրանց մի մասն ազգայնացվել է պետության կողմից։ Սեպտեմբերի 4-ին դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ծառուկյանի կալանքը։