


Արմինֆո. Արցախի խորհրդարանի պատգամավորները ՀՅԴ "Հայ Դատի" կենտրոնական խորհրդի, գրասենյակների և հանձնախմբերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի առաջմղման ռազմավարությունը:
Ինչպես հաղորդել են ՀՅԴ մամուլի ծառայությունից, կողմերը նախանշել են նաև իրենց համար առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ներառյալ միջազգային հուսալի երաշխիքների առկայության դեպքում հավաքական վերադարձի իրավունքի իրացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցի առաջմղումը: Բացի այդ, Արցախի մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, հայկական հետքը ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականությանը հակազդելը, Արցախից բռնի տեղահանված բնակիչներին կենցաղային, սոցիալական և կրթական օգնություն ցուցաբերելու մեխանիզմների ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը կարևորել է "Հայ Դատի" հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը: "Հայ Դատի" կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն, իր հերթին, նշել է, որ արցախյան հիմնախնդիրը շարունակում է մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները կրում են տևական և անփոփոխ բնույթ: Նա նաև նշել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունը։
Քննարկման ավարտին կողմերը կարևորել են համատեղ ջանքերի ու փոխգործակցության շարունակականությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների դերն այս գործում և կարևորել նման հանդիպումները ՝ առաջիկա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու համար:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափմանը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։


